Լրահոս

30.05.2013 13:38


Արամ Կարապետյան. «Ստեղծված վիճակին Սերժ Սարգսյանը պատասխան չունի»

Արամ Կարապետյան. «Ստեղծված վիճակին Սերժ Սարգսյանը պատասխան չունի»

Այսօրվա ասուլիսին անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում նկատվող սառնությանը՝ Արամ Կարապետյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի ամբողջ աշխարհաքաղաքականությունը վերջանում է փող ուզելով։ Այսինքն՝ ցանկացած երկրի հետ փոխհարաբերությունները Սերժ Սարգսյանը հանգեցնում է վարկերի, հարկերի՝ գործողությունների, որոնք կապված են ֆինանսական ռեսուրսների հետ։

Ըստ բանախոսի՝ Սերժ Սարգսյանը կփորձի մինչև նոյեմբեր դիմանալ և Վիլնյուսում Եվրամիության հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը, որից հետո կհրավիրեն դոնորների հավաք։ Թե ինչի դա կհանգեցնի, դրամ կտա՞ն, թե՞ ոչ, սակայն այս ամենի պատճառով Սերժ Սարգսյանն ավելի է խճճվում, խճճում է Հայաստանի փոխհարաբերությունները տարբեր երկրների հետ, և պարանն այնքան է ձգել, որ արդեն կտրտվելու եզրին է հասել:

Արամ Կարապետյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը չունի որևէ աշխարհաքաղաքական հայեցակարգ, առհասարակ չունի քաղաքական, տնտեսական հայեցակարգ, և դա նրա համար էական էլ չէ, քանի որ իշխանություն ունի:

Անդրադառնալով Ռուսաստանի փոփոխվող քաղաքականությանը՝ Արամ Կարապետյանը հայտարարել է.

–Ի՞նչ եղավ երեկ. երեկ Պուտինն առաջին անգամ ասաց՝ մենք վերջնականապես որոշեցինք, որ միություն ենք կազմում։ Հիմա ով համաձայն է՝ համաձայն է։ Ով համաձայն չէ, շուտով դուք կտեսնեք պատժամիջոցների մի ամբողջ շարան, որը կկիրառվի բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք չեն մտնի այդ միության մեջ: Ստեղծված վիճակին Սերժ Սարգսյանը պատասխան չունի։ Գլխավոր հայեցակարգն այն է, որ պատասխան չունի, որովհետև ոչ գիտի՝ փողը որտեղից պետք է վերցնի, ոչ գիտի՝ որ կողմ գնա, որպեսզի մյուս կողմից գլխին չթակեն, ոչ գիտի՝ որ կողմից մոտենա, որպեսզի Ղարաբաղի հարցն էլ ավելի չբարդացնի:

Արամ Կարապետյանը նաև լրագրողների ուշադրությունը հրավիրել է Սերգեյ Կուրղինյանի ելույթին և դրան հետևած իշխանամետ լրատվամիջոցների ջղային քարոզչությանը:

Սերգեյ Կուրղինյանը, որ 80-ականների վերջին 90-ականների սկզբին ԽՍՀՄ Անվատնգության կոմիտեի վերլուծական ստորաբաժանուման աշխատակից է եղել, Սերժ Սարգսյանի և իշխանությունների մասին ոչ այդքան դրական կարծիք է արտահայտել, որին հետևել է նրա այցի հետ կապված իշխանամետ քարոզչամեքենայի բարձրացրած աղմուկը: Արամ Կարապետյանը փորձել է հասկանալ, թե ինչով էր պայմանավորված այդ աղմուկը և եկել է այն եզրակացության, որ իշխանական քարոզչամեքենայի այդ ջղաձգումները պայմանավորված են Կուրղինյանի արած բացահայտմամբ, ըստ որի ժամանակին Անդրոպովի և իր շրջապատի «Ստելլա» ծրագրի շրջանակներում որոշ մարդիկ նախատեսվել և ներդրվել են եվրոպական բյուրոկրատիայի հետ աշխատելու համար: Այժմ, երբ այդ ծրագիրը ավարտին է հասել, նրանց ասում են, որ հետ գան։ Այդ մարդիկ հետ չեն գալիս, և ամենայն հավանականությամբ կարելի է ենթադրել, որ այդ հայտարարությունից հետո նյարդայնացած մարդիկ հասկանում են, որ հաջորդ քայլը կարող է լինել այդ ծրագրում ներգրավված մարդկանց անունները և գործերը հրապարակելը: Կուրղինյանն ակնարկել է, թե չեն ուզում սրանց խրտնեցնել, բայց ասում են՝ հարվածի տակ եք:

Այս խորագրի վերջին նյութերը